Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին`Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ևԱդրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝Թուրքիային:
Մինչև 1991 թիվը Հայաստանը մեկն էր Խորհրդային Միության 15 հանրապետություններից (տես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության քայքայման ընթացքում՝ 1991 թվականիսեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է անկախության հռչակագիրը։ ՄԱԿ-ի անդամ է 1992 թ. մարտի 22-ից:
ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքվեով։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանը հնագույն պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Մեծ Հայքի թագավորությունը 301թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սահմանադրությամբ կարևորվում է Հայ առաքելական եկեղեցուառանձնահատուկ դերը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական ազատությունները:
Աշխարհագրություն
- Հիմնական հոդված՝ Հայաստանի աշխարհագրություն
Հայաստանը գտնվում է Անդրկովկասում` Սև և Կասպից ծովերի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից` ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի, իսկ արևմուտքից` Թուրքիայի հետ:
Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա:Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375մ.։ Ամենաերկար ձգվածությունը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ: Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%` անտառային, 7.7%` հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%` այլ հողեր: Բարձր լեռնագագաթներն են`
- Կապուտջուղ - 3.906
- Աժդահակ - 3.598
- Սպիտակասար - 3.555
- Իշխանասար - 3.552
- Վարդենիս - 3.522 և այլն։
Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են` Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն:[5]
Դիտեք նաև այս հոդվածները.
Ծայրակետեր
- Հյուսիս. Տավուշ ( 41°17′N 45°0′E / 41.283°N 45°E)
- Հարավ. Սյունիք ( 38°49′N 46°10′E / 38.817°N 46.167°E)
- Արևելք. Շիրակ ( 41°5′N 43°27′E / 41.083°N 43.45°E)
- Արևմուտք. Սյունիք ( 39°13′N 46°37′E / 39.217°N 46.617°E)
Քաղաքներ
- Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքները
Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներն են (բնակչությունները տրված են 2009 թ. դրությամբ)՝
- Երևան - 1111.3 հզ.
- Գյումրի - 146.4 հզ.
- Վանաձոր - 104.8 հզ.
- Էջմիածին - 57.3 հզ.
- Հրազդան - 52.9 հզ.
- Աբովյան - 46.0 հզ.
- Կապան - 45.5 հզ.
- Արմավիր - 33.6 հզ.
Վարչական բաժանում
- Հիմնական հոդված՝ Հայաստանի վարչական բաժանում
Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզզերի և մայրաքաղաքի, որոնք են՝
- Արագածոտնի մարզ
- Արարատի մարզ
- Արմավիրի մարզ
- Գեղարքունիքի մարզ
- Կոտայքի մարզ
- Լոռու մարզ
- Շիրակի մարզ
- Սյունիքի մարզ
- Տավուշի մարզ
- Վայոց Ձորի մարզ
- Երևան — մայրաքաղաք
Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղային համայնքներից, որոնք ինքնակառավարվում են։ Մարզպետներին նշանակում է գործի և ազատում Հայաստանի կառավարությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական տարածքներ` Երևան քաղաքի մեջ։ ՀՀ-ում կա 949 գյուղ:[7]
Պետական կառուցվածք
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։
- Նախագահ - հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:[8]
- Գործադիր իշխանություն - գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը:Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է նաև կառավարության անդամներին:
Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները.
- Տարածքային կառավարման նախարարություն
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- Առողջապահության նախարարություն
- Արդարադատության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Արտաքին գործերի նախարարություն
- Բնապահպանության նախարարություն
- Գյուղատնտեսության նախարարություն
- Էկոնոմիկայի նախարարություն
- Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
- Կրթության և գիտության նախարարություն
- Մշակույթի նախարարություն
- Պաշտպանության նախարարություն
- Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
- Սփյուռքի նախարարություն
- Տրանսպորտի և կապի նախարարություն
- Քաղաքաշինության նախարարություն
- Ֆինանսների նախարարություն[9]
- Օրենսդիր իշխանություն - Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին:ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (64 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (25 պատգամավոր), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր)։ Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին։ Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր:[10]
- Դատական իշխանություն - Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ:
Զինված Ուժեր
- Հիմնական հոդված՝ Հայաստանի Զինված Ուժեր
Հայաստանի Հանրապետության բանակը` Զինված Ուժերը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին: Հայաստանի Հանրապետության բանակի թվաքանակը կազմում է 125.000 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 560.000 պահեստային զինվորներ։ Բանակի բյուջեն կազմում է $600 միլիոն։ Բանակը բաժանված է երկու հիմնական ճյուղի ` ցամաքային զորքեր և ռազմաօդային զորքեր: Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է ` Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը ։ Գլխավոր Շտաբի պետը` գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Բնակչություն
Հայաստանի բնակչությունը 3.219.400 (2006-ի հուլիսի 1)։ Հայերը կազմում են ազգաբնակչության 96 տոկոսը։ Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։ Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ։
Պատմություն
Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը:
Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է քարի դարի բոլոր փուլերն ընդգրկող (պալեոլիթ կամ հին քարի դար, մեզոլիթ կամ միջին քարի դար, նեոլիթ կամ նոր քարի դար) հուշարձաններով:[16]
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը` ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 մլն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտ- նաբերված հին քարի դարյան կայանը:Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 մլն. տարի է:Այն Արևմտյան Եվրասիայի` մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում:[17]
Միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հզ. տարի առաջ:
Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում` Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր:[18]
Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի(10000-8000) հուշարձանները առայժմ թուիլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում:[19]
Նոր քարի դարը նորագույն ուսումնասիրությունների համաձայն Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10հզ.-ից մինչև 6-րդ հզ.-ի կեսերն ընկած ժա- մանակաշրջանով։ Մ.թ.ա. 8հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ:1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված սալե կոթողների տունը և գանգերի տունը:
Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կախված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։
Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 700 քարե արձանիկներ:[20]
Մ.թ.ա. 4-րդ հզ.-ի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում մի նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին` մ.թ.ա.3500-2300թթ.։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում Քուր-արաքսյան մշակույթը, հատկապեսՇենգավիթյան մշակութային համալիրը:Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում:[21]
Կուր-Արաքսյան ընդհանրության կազմալուծման զուգընթաց մ.թ.ա. 3 հզ.-ի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը:
Մ.թ.ա. 3 հզ.-ի վերջին երկու հարյուր ամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզիդարյան մշակույթը։ [22]
Մ.թ.ա. 16դ. վերջ - 13դ. առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը:Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։
Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հզ.-ում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը` Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, դարձավ Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։ [23]
Աղբյուր` Wikipedia