May 27, 2010

Շնորհավոր Տոնդ, Հայաստան

0 Մեկնաբանություններ
Այսօր Հայաստանում տոն է: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

1996 թ. փետրվարի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր):

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011